Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տարեսկզբին ներդրումներ անելու կոչով էր հանդես եկել՝ ուղղված թռչնամսի արտադրությամբ, ինչպես նաև ներմուծմամբ զբաղվող գործարարներին։ Նա նշել էր, որ տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15 հզ տոննա թռչնամիս, ներմուծվում՝ մոտ 44 հզ տոննա: Ըստ նրա՝ միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120մլն եվրո ներդնել ոլորտում։
Armenia Today-ի հետ զրույցում Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն անդրադարձել է նախարարի առաջարկին, խոսել նաև ոլորտի խնդիրների մասին։
Ս․ Ստեփանյանը նախարարի նշած կարճաժամկետ կտրվածքով այն իրատեսական չի համարում։
«Վերջին 4-5 տարիներին մեծ թվով ներդրումներ են կատարվել։ Մասնավորապես, մասնագիտացված տնտեսություններում մոտ 6-6,5 միլիոն դոլարի ներդրում է եղել։ Տարիների ընթացքում, միգուցե, հնարավոր է վերոնշյալն իրականացնել, բայց արտադրության ծավալները կտրուկ բարձրացնելու ռեսուրսներ չունենք։ Ոչ մի հանրապետությունում էլ չկա մի այնպիսի ռեսուրս, որով հնարավոր կլինի արտադրությունը միանգամից շուրջ 30 հազար տոննայով ավելացնել։ Դա իրատեսական չէ։ Պետք է կատարվի մասամբ, քիչ-քիչ, ինչի համար ֆինանսական ռեսուրսներ ու լուրջ ներդրումներ պետք է ունենալ։ Խոշոր ծրագիր է պետք։ Եթե պետությունը կարողանա մասնակցել, լավ կլինի, բայց դժվար մասնավորն այդքան ռեսուրս ունենա»,-նշեց Ս․ Ստեփանյանը։
Վ․ Քերոբյանը շեշտել էր նաև, որ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, ինչը լավ շանս է, որ արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ոլորտի մեջ հենց այսօր ներդրում կատարեն։ Հարցին՝ մեր արտադրողներն այսօրվա դրությամբ նման ներդրումներ անելու հնարավորություն ունե՞ն, Ս․ Ստեփանյանը պատասխանեց․
«Ոչ, հիմա մեր բոլոր արտադրողները բանկերից վարկեր են վերցրել ու հազիվ են այդ վարկերի տակ աշխատում։ Լրացուցիչ խոշոր ներդրում ոլորտում անհնար է։ 2019թ-ի ներդրումներով 2020թ-ը իներցիայով անցկացրինք, բայց 2021-2022 թվականները ոլորտի համար դժվար են լինելու։ Առկա ռեսուրսներն արդեն ներդրել ենք, ոլորտում հիմա ներարկում է պետք։ Եթե պետությունը բիզնեսում ներարկում կատարելու ուղղությամբ գնա, շատ լավ կլինի։ Այդ դեպքում 2012 թվականին կկարողանանք ապահովել 2020 թվականի ցուցանիշները»։
Անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին՝ նա նշեց, որ անգամ կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում նախորդ տարվա ցուցանիշներից դժգոհ չեն։
«Ամբողջ խնդիրն արդեն այս տարվա հետ է կապված։ Անընդհատ գլխաքանակի թարմացում է պետք, զուգահեռ՝ կա ճանապարհի խնդիր։ Բացի այդ, 35-38 տոկոսով կերերը թանկացել են։ Հիմա կերի պահուստներ ենք վերցրել, որպեսզի մինչև փետրվար գոնե կարողանանք գլխաքանակը պահել, բայց Լարսը սովորաբար մինչև մարտ փակ է լինում, և կարող են խնդիրներ լինել։ Բացի այդ, էներգառեսուրսների թանկացումը թռչնամսի ինքնարժեքի բարձրացմանն է հանգեցնելու, շուկայում գնի բարձրացում է կանխատեսվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։