Թանկացել է ձուն, ձեթը, շաքարավազը, ալյուրը։ Վերջին շրջանում թանկացած սննդամթերքի ցանկը կարելի է շարունակել։
Լրագրողներն այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչու է շուկայում գնաճ արձանագրվել։
Գեղամ Գևորգյանը, սակայն, առայժմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հստակ պատասխաններ չունի հայտնելու։
Հիմա խուսափում է նախնական որևէ տեղեկատվություն տրամադրել։ Ասում է՝ յոթ անձից կազմված հանձնաժողով է ստեղծվել, ուսումնասիրում են շուկան, պարզելու՝ որ տնտեսվարողն ինչ գնով է ապրանքը ձեռք բերել և ինչ արժեքով է իրացնում։
«Մենք առաջին թանկացումների վերաբերյալ բոլոր թվերը հրապարակել ենք նոյեմբերին։ Կատարվող ուսումնասիրությունների արդյունքում, եթե ապրանքի գնի բարձացումը համաչափ է դիտվում, հրապարակվում է այդ մասին և, եթե չկա համաչափություն, ապա միանգամից սկսվում է վարչական վարույթ»,- նկատեց Գեղամ Գևորգյանը։
Բայց ՏՄՊՊՀ-ն միայն սննդամթերքի շուկայում չէ դիտարկումներ սկսել։ Բենզինի և դիզվառելիքի շուկան ևս հիմա ուսումնասիրվում է։
Թանկացումների վերաբերյալ արձանագրված դիտարկումները ՏՄՊՊՀ նախագահը խոստանում է հրապարակել առաջիկայում։
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ սննդային և ոչ սննդային ապրանքները թանկացել են։