«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ «Հայփոստ»-ի հնգամյա ռազմավարության համաձայն՝ առաջիկայում ընկերությունը «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպության միջոցով ակտիվ գործունեություն պետք է ծավալի ֆինանսական շուկայում:
««Փոստ Կրեդիտ» համակարգը մեր երկրում կապահովի հասանելի ֆինանսական ծառայություններ, վարկավորման շուկայում նոր մոտեցումներ, ինչպես նաև՝ կարևոր գործոն կդառնա Հայփոստի՝ «Գյուղում՝ ինչպես քաղաքում» գլոբալ ծրագրի իրագործման մեջ: Հայփոստի դուստր կազմակերպությունը մատուցելու է նոր տիպի վարկային և թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն մեր սպառողներին և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հնգամյա ռազմավարությունը մշակել է միջազգային ճանաչում ունեցող «Դելոյթ» ընկերությունը: Խորհրդատվական թիմում ընդգրկված են եղել փոստային և փոստային-ֆինանսական ծառայությունների ոլորտի ճանաչված փորձագետներ: Ռազմավարությունը մշակվել է ծավալուն և մանրակրկիտ ուսումնասիրությունների ու վելուծությունների հիման վրա:
«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Աշխարհի փոստային լավագույն ընկերություններն աշխատում են հիմնական հինգ ուղղություններով: Կարևոր ուղղություններից մեկը փոստային ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Այս ուղղությամբ մենք պատրաստվում ենք լուրջ քայլեր ձեռնարկել: Մենք նոր գաղափարներ և նոր մոտեցումներ ենք ներմուծելու վարկավորման ծառայություններում»:
Վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի ու կանաչ տնտեսության զարգացման վարկեր: