Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է նախարարության լրատվական ծառայությունը:
«Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության մի շարք հարցեր և առաջիկա ծրագրեր։
Նախարարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։ Նախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերը միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված ահազանգերը և նամակները։ Ապա նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնեես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի կառուցում։