Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Առևտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին հարցը։ Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է, հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
Ուսումնասիրելով ՀՀ տարածքում հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերը՝ պարզվել է, որ Կանոնակարգում առկա չէ իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին տեղեկատվության ցուցադրման պահանջը, ուստի ՀՀ տարածքում շատ հաճախ վարորդները տեղեկացված չլինելով տրանսպորտային միջոցները լիցքավորում են կենցաղային հեղուկացված ածխաջրածնային գազով։
Դա իր բացասական հետևանքը կարող է ունենալ տրանսպորտային միջոցի աշխատանքի վրա, միաժամանակ բացակայում էր տնտեսվարող սուբյեկտների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթների իրականացմանը եւ պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված իրավական հիմքը։
Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացման ժամանակ առաջացած անհամապատասխանությունները։
Հիմնական զեկուցող Վարոս Սիմոնյանն ասաց, որ լիցքակետերում, վարորդի համար տեսանելի վայրում պետք է նշված լինի վառելիքի տեսակը։ Նշված նորմերը չպահպանելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի։ Ի դեպ՝ տուգանքների անհամաչափության առնչությամբ ԱԺ-ից ստացվել են դիտողություններ։
Հարկ է նկատել, որ օրենքի ոչ լիարժեք կիրառման հետևանքով լցակայաններում այդպիսի գրություններով վահանակներ հիմնականում չկան, միայն որոշ տնտեսվարողներ են ինքնակամ փակցնում։ Իսկ դրանց բացակայությունը թույլ չի տալիս տեսչական մարմիններին ստուգումներ իրականացնել։ Սպառողի իրավունքները պաշտպանված չեն, քանի որ նրանց բանավոր հարցին կարող է տրվել կամայական պատասխան։
Նշենք նաև, որ նախագծի ընդունումն անհրաժեշտ է ԵԱՏՄ սահմանած կանոններին համապատասխանելու համար։
Հարցին տրվեց դրական եզրակացություն։