Ներկայացնելով տեղեկատվական տոխնոլոգիաների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նորույթները՝ լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը այսօր ամփոփել է 2020 թվականը։
Նշելով, որ 2020թ․-ին կատարված աշխատանքները պայմանավորված են եղել նաև համավարակի հետ կապած խնդիրներով՝ նա ընդգծել է․
«Այս առումով շատ կարևոր էր նաև ՊԵԿ համակարգերում նոր թվային լուծումների ներդրումը։ Կարևոր էր Էլեկտրոնային վճարումների ներդրումը և՛ հարկային, և՛ մաքսային ծառայության համակարգերում: Այսինքն, մեր հարկ վճարողներն ու արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները իրենց անձնական էջերից և բանկային քարտերի միջոցով վճարումներ իրականացնելու հնարավորություն ստացան»։
Նա հայտնել է, որ 2021թ․ ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաև լիզինգի ծառայությունը.
«Լիզինգի շուրջ ևս փոփոխություններ կլինեն։ Մենք նոր էլեկտրոնային փաստաթուղթ ենք ստեղծել։ Այն լիզինգի ընդունման ու հանձնման փաստաթուղթ է, որը հարկ վճարողների շրջանում ևս շատ կարևոր է»։
ՊԵԿ փոխնախագահը հայտնել է նաև, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և միջազգային փորձագետների հետ համատեղ մշակել են ստանդարտներ, որոնք կանոնակարգելու են խաղային ոլորտը՝ շահումով խաղերը, վիճակախերը։
Ինչ վերաբերում է օնլայն առևտրին ու ծավալներին, նա հայտնեց, որ ՊԵԿ-ը չունի տեղեկատվություն, թե առևտրի ամբողջ ծավալի մեջ որքան է կազմում օնլայն առևտուրը։
«Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2020թ․ սահմանափակումներով պայմանավորված՝ առևտրի շատ ուղղություններ ֆիզիկական դաշտից տեղափոխվեցին էլեկտրոնային հարթակ»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ անցած տարի օնլայն առևտրի առումով Հարկային օրենսգրքում փոփոխություն է ընդունվել, ինչը տվյալ հարթակում գործունեություն իրականացնողներին էլեկտրոնային ՀԴՄ կիրառելու հնարավորություն է տալիս։