Հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4 %, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 4.5 % գնաճ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Բանջարեղենի ապրանքախմբում հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.9 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0 % գնաճ: Մրգի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 12.0 %, իսկ 2020 թ․ դեկտեմբերի համեմատ՝ 9.5 % գնաճ:
Անցյալ ամիս դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1 %:
Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 44,3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 6.7 %:
Ըստ վիճակագրության՝ հացի և ալյուրի գնաճը ընթացիկ տարվա հունվարին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.9 % և 12.5 %, դեկտեմբերի համեմատ՝ 0.8 % և 1.6 %։
Մեկ ամսվա ընթացքում 7.7 %-ով թանկացել է կաթնամթերքը, պանիրն ու ձուն։ Մեկ տարվա ընթացքում ձվի գնաճը կազմել է 26.4 %, իսկ 2020թ. դեկտեմբերին այն կազմել է 2.7 %։
Շաքարավազը դեկտեմբերին թանկացել է ՝ 0.7 % -ով, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 40.7 %-ով։
Պատկերն այլ է մսամթերքի շուկայում։ Նախորդ տարվա համեմատ մսամթերքի գինն անգամ նվազել է։
Փոխարենն ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 10.8 %։ Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 12.9 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.1%:
Ձուկը, սուրճը, թեյը, կակաոն և ոչ ալկոհոլային խմիչքը ևս թանկացել են։
Ոչ պարենային ապրանքների գները նույնպես բարձրացել են։
Համաձայն ԱՎԿ-ի՝ 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 5.5 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.7 % գնաճ:
Ի դեպ, 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.1 % և 3.8 %-ով, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է 9.5 % և 20.2 % գնանկում: