Այսօրվա Կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսեց տնտեսական բնույթի շատ կարևոր մի նորությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում, որով ներգրավվել է 750 մլն դոլարի պարտատոմս։ Վարչապետը հավաստիացնում է, որ դա իրականացվել է ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսադրույքով: Թողարկման տոկոսը կազմում է 3,8 %։ Փաշինյանը կարծում է, որ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել, այն ետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը ենթադրում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում ՀՀ-ի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ։ Նա նշեց, որ այս պարտատոմսերի թողարկումը արտառոց չէ, քանի որ նախատեսված է 2021 թ-ի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում։ Վարչապետը խոսքով՝ սա թույլ է տալիս արձանագրել, որ տարին սկսել ենք շատ լուրջ դրական ազդակով։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ սա մեր երկրի վարված տնտեսական համապարփակ քաղաքականության նկատմամբ գնահատականն է միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից, և շատ կարևոր է, որ մենք պետական պարտքի ավելացման մասին խոսելիս հաշվի առնենք այդ պարտքի բովանդակությունը։