ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Ավագ Ավանեսյանը, նաև նախարարության և Մշտական համակարգողի գրասենյակի անձնակազմի ներկայացուցիչները։
Շոմբի Շարփը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանի կառավարության հետ քննարկվող 2021-2025 թթ․ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության շրջանակը լավ հնարավորություն է՝ վերանայելու և նոր թափ հաղորդելու համագործակցությանը․ «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անունից ցանկանում եմ նշել, որ մենք մեծապես գնահատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ մեր լայնածավալ համագործակցությունը՝ մարդկանց և համայնքների համար ընդհանուր բարեկեցություն և կայունություն ապահովելու համար: Այժմ մենք ընդլայնում ենք մեր համատեղ ջանքերը` վերջին մարտահրավերներից ավելի լավ վերականգնվելու համար, և շուտով կմեկնարկենք ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակը, որի հիմքում Հայաստանի համար կանաչ, կայուն և ներառական տնտեսական աճն է», – ասել է Շոմբի Շարփը: Նա հավելել է, որ համագործակցությունը կարող է շարունակվել նաև ՓՄՁ զարգացման, ներդրումների խթանման, նորարարության ֆինանսավորման և վենչուրային ֆոնդերի ստեղծման ուղղություններով։
Ողջունելով Հայաստանում իրականացվող ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծերը, Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է հետագա համագործակցության ուղղություններն ուրվագծելու և հստակեցնելու համար»,-ասված է հաղորդագրության հետ։