«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որն այսօր հաստատվել է Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից, կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) և հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման և ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։ Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային բանկ կայքից։
Ծրագրի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կլրացնի Գեղարքունիքի մարզում Մարտունու բժշկական կենտրոնի շինարարության և սարքավորումներով հագեցման և Վայոց ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի կառուցման և սարքավորումներով հագեցման ֆինանսական ճեղքը։
Առկա են հիվանդանոցային բուժօգնության ապահովման սուր խնդիրներ, հատկապես՝ Վայոց ձորի մարզում, որտեղ տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել։ Վայոց ձորի մարզում համավարակի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կլինիկական վարման համար հիվանդանոցային հզորությունների սահմանափակումներով պայմանավորված՝ ինտեսիվ թերապիա պահանջող դեպքերը տեղափոխվել են շրջակա մարզերի հիվանդանոցներ՝ առաջացնելով ծառայությունների հասանելիության ուշացումներ և մահացության ռիսկի բարձրացում։
«Հայաստանի առողջապահական բարեփոխումներին ուղղված մեր աջակցության հիմքում առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման հզորացումն է»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։
Ծրագիրը Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ավելի քան 137 000 բնակչի կապահովի որակյալ բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությամբ։
Նշենք, որ 7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը փոփոխական սպրեդով ՎԶՄԲ վարկ է, որի արտոնյալ ժամկետը 14,5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25,5 տարի։ 1992 թ․-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թ․ ՄԶԸ անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,434,734 միլիոն դոլար են կազմել։