Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
«Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց պարոն Յոնգին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է և ընդգծեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Երկկողմ փոխգործակցության համատեքստում Արարատ Միրզոյանը նաև նշեց Ազգային ժողովի և դեսպանության միջեւ ակտիվ ու արդյունավետ շփումները:
Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Ընդգծվեց Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար: Այս առումով չափազանց կարեւորվեց Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար:
Հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում խորհրդարանի խոսնակը կարեւորեց նաեւ Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձեւաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում:
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: