Գյուղատնտեսությունն այն հազվադեպ ոլորտներից է, որը նախորդ տարվա ընթացքում 1,4 տոկոսով աճ է գրանցել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ուրախությամբ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա վստահեցրեց, որ գյուղատնտեսության խնդիրներն իրենց ուշադրության կենտրոնում են, և ամեն ինչ անում են ոլորտին աջակցելու ուղղությամբ։ Այս տարի էլ շարունակելու են աջակցել այն գյուղատնտեսական ծրագրերին, որոնք նախորդ տարի հաջողություն են ունեցել։
Բայց նախախարի պատասխանը չգոհացրեց ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանին։ Նա մատնանշեց, որ միայն ջերմոցում բանջարեղեն աճեցնելով պարենային անվտանգության խնդիր չենք կարող լուծել, մեզ պետք է հացահատիկ մշակել։ Նախարարին հարցրեց՝ սուբսիդավորման ծրագրերը, որոնք նախորդ իշխանության ժամանակ ինչ- ինչ պատճառներով դադարեցվել են, վերսկսվելո՞ւ են։ Նախարարն արձանագրեց, որ այդ պատճառները շատ կարևոր են։
«Այդ պատճառները եղել են կոռուպցիայի աղբյուր։ Անարդյունավետ են եղել այդ ծրագրերը։ Մեծ ռեսուրներ ներդնելով ստացել են ոչ այդքան մեծ արդյունք։ Հիմա նույն օժանադակությունն է, բայց այլ գործիքակազմով։ Մենք ավելի արդյունավետ և քիչ կոռուպցիոն ռիսկ պարունակող ծրագրերով ենք փորձում օժանդակել գյուղատնտեսությանը»,- նկատեց Քերոբյանը։
ԼՀԿ-ականների հաջորդ հարցը ևս ուղղված է Վահան Քերոբյանին։ Այս անգամ հետաքրքրվեցին, թե տնտեսավորողները թուրքական շուկայի փոխարեն այլընտրանքային առևտրային գործընկերներ են ձեռքբերել։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ իրենց խնդիրն է եղել ներմուծվող ապրանքները փոխարինել տեղականով։
Անի Սամսոնյանի դիտարկկամբ՝ թուրքական ապրանքը կարող է մուտք գործել Վրաստան, վերագրանցվել և ուղարկվել ՀՀ։
Նախարարը պատգամավորի նշած դեպքը մանքսանենգություն որակեց և վստահեցրեց, որ ՊԵԿ-ը դրա դեմ պայքարում է։