Պետությունը նախատեսում է քննարկել ծախսերի արդյունավետության հարցը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին, թե հրահանգ է իջեցվել մինչև 10 տոկոս կրճատելու ծախսերը և որ ոլորտներում են արվելու կրճատումներ:
Փոխվարչապետը չի բացառել 10 տոկոսի շրջանակում կրճատումների հնարավորությունը։
«Տասը տոկոսի շրջանակում քննարկում կազմակերպելը հունվար-փետրվարին համարում ենք շատ ողջամիտ գործընթաց։ Որոշվել է այն շրջանակը, որում պետք է վերանայվի ծախսերի արդյունավետության հարցը, ինչը տրամաբանական է, քանի որ մենք ունենք մեր սեփական գնահատականները, թե նախորդ տարի որքան և որ ոլորտներում են ծախսերը կատարվել կամ ոչ»,- բացատրեց Մհեր Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ կան ծախսեր, որոնք հնարավոր կլինի կրճատել և կան ծախսեր, որոնք անհետաձգելի են։
«Չեմ բացառում, որ սոցիալական բլոկի բազմաթիվ ոլորտներ կան, որոնցում հնարավոր չի լինի կրճատում իրականացնել, բայց կան ոլորտներ և ծախսեր, որոնք հնարավոր է կրճատել»,- եզրափակեց փոխվարչապետը։