Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և տեղակալ Աշոտ Մուրադյանը Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հրավերով փետրվարի 10-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայութունը։
«Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շուրջ փորձի փոխանակման հնարավորությունները:
ՀՀ ՊԵԿ և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրում ապրանքների շրջանառության ֆիսկալ մոնիթորինգի միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը: Ֆիսկալ մոնիթորինգի համակարգի ներդրման սկզբնական փուլում Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներդնել և գործարկել մեխանիզմի պիլոտային ծրագիրը:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ-ի և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի հարկային մարմինների միջև հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը»: