Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, Ադրբեջանի տարածքով, բայց այն ոչ մի վայրկյան չի փակվել ադրբեջանցիների կողմից։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
Նա՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը և դրա տնտեսական ազդեցությանը, նշեց, որ սահմանի բացման դեպքում Թուրքիայից եկած ապրանքները նույնպես մաքսազերծվելու են ԵԱՏՄ մաքսային կանոններով: Իսկ մաքսային դրույքաչափերը բավականին բարձր են։
«Հենց այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա։ Անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե չունենք, ինչպիսի հոգեբանական դիրքորոշում ունենք այդ երկրի հանդեպ, այդ առևտուրը լինում է»,- նկատեց Գևորգյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն առնչվում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը, խոսքը բացառապես ճանապարհների ապաշրջափակման մասին է: