ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ ԱԺ առաջին ընթերցումն անցած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլ հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է ՏՄՊՊ հանձնաժողովը:
«Հարկ է նշել, որ սա առևտրային խոշոր ցանցերի հետ տվյալ թեմայի շրջանակում կազմակերպված արդեն երկրորդ հանդիպումն է: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերալ տարիների ընթացքում արձանագրված խնդիրներին փորձել են լուծումներ տալ նոր օրենքի նախագծով:
«Մեր հիմնական նպատակն ու գաղափարախոսությունն է հավասար խաղի կանոններ սահմանել բոլորի համար, որոնք իրենց հերթին գլխավորապես ուղղված են հավասար պայմաններ սահմանելուն»,- մասնավորապես շեշտել է Գեղամ Գևորգյանը:
Այնուհետև տնտեսավարողներն ու հանձնաժողովի պատասխանատուները մասնագիտական քննարկում են ունեցել, որի շրջանակում մանրամասն անդրադարձ են կատարել նախագծով առաջարկվող առանձին կարգավորումների վերաբերյալ բարձրացված հարցերին ու դիտարկումներին: Բացի այդ, տեղում ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք դրական արձագանքի են արժանացել պատասխանատուների կողմից, և օրենքի նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ»,-ասված է հաղորդագրության մեջ: