Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հետևում է տնտեսական դինամիկային։ Տնտեսության վերականգնումն ամենակարևորն է համարում։ Նախարարի կարծիքով՝ որքան շուտ լուծենք տնտեսության վերականգնման խնդիրը՝ առանց նայելու խոչընդոտներին և պատճառներին, այդքան արագ կկարգավորվեն մյուս հարցերը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահան Քերոբյանը նշեց, որ պետք է սևեռվել տնտեսական խնդիրների վրա։
Նախարարը հայտնեց, որ սկսվել է ճգնաժամից դուրս գալու փուլը։
Վահան Քերոբյանը նկատեց՝ փետրվարի առաջին կեսի տվյալները բավականին խոստումնալից են: Թեև նախարարը լիահույս է, որ տնտեսությունը շուտով կվերականգնվի, բայց վիճակագրությունը բիզնեսի համար լավ բան չի հուշում։
Պաշտոնական տվյալները վկայում են, որ շատ բիզնեսներ փակվում են։ Նախարարը նույնպես բիզնեսի վիճակը վատ է գնահատում։ Միևնույն ժամանակ հավաստիացնում է՝ ամեն ինչ անում են, որ տնտեսության բոլոր ոլորտներն օր առաջ վերականգնվեն։
«Ես և իմ թիմը շատ աշխատանք ենք իրականացնում, որպեսզի հայկական փոքր, միջին և մեծ բիզնեսներն իրենց լավ զգան և օգնեն տնտեսության վերականգնմանը»,- ասաց նա և հավելեց, որ իրենց առջև խնդիր են դրել Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր։