Արտաքին պարտքի ավելացմանը զուգընթաց ՀՀ կառավարությունը որոշեց 750 մլն դոլարի պարտատոմս թողարկել։ Տնտեսագետ Կարեն Ադոնցը Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ այս որոշումն անխուսափելի էր։
«Սա բնական որոշում էր, որը բխում է մեր տնտեսական իրավիճակից, հետպատերազմյան խնդիրներից։ Մինչև պատերազմն էլ բյուջեի պակասորդը լրացնելու համար միշտ էլ վերցրել ենք արտաքին պարտավորություններ։ Բայց խնդիրն այն է, որ ցանկացած պարտավորություն վերցնելիս՝ պետությունը պետք է ծրագիր ունենա, հասկանա, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացումները։ Բայց այդ ծրագիրը մեզ մոտ չկա։ Չկա տնտեսական զարգացման ծրագիր, որը կենթադրի, թե այդ 750 մլն դոլարն ինչպես է ծախսվելու և լրացուցիչ ինչ զարգացում է ապահովելու։ Մենք ամեն անգամ պարտք ենք վերցնում ու դրանք ծախսում բյուջեի շրջանակներում։ Մենք այսօր 8 տոկոս տնտեսական անկում ունենք ու, փաստորեն, ստացվում է, որ մեր պետական պարտքն աճում է, իսկ ՀՆԱ-ի ծավալները՝ մնում նույնը։ Սա է մեր խնդիրը և մենք ծրագրավորված քայլեր չենք անում»,-շեշտեց տնտեսագետը։
Անդրադառնալով դեֆոլտի հնարավորությանը՝ նա շեշտեց․
«Խնդիրն այն է, որ դեֆոլտներն առաջանում են այն պետություններում, որտեղ ի վիճակի չեն լինում սպասարկել արտաքին պարտքը, և միևնույն ժամանակ ի վիճակի չեն լինում նվազեցնել սոցիալական պարտավորությունները։ Օրինակ՝ դա տեղի ունեցավ Հունաստանում՝ 2009թ ճգնաժամի ժամանակ, երբ պետությունն ի վիճակի չէր նվազեցնել իր սոցիալական պարտավորությունները՝ կապված թոշակների և սոցիալական այլ ծախսերի հետ։ Իսկ երբ նման իրավիճակի հետևանքով արդեն քաղաքական լարվածություն է առաջանում, պետությունը գնում է դեֆոլտի։ Այսինքն, տնտեսության կառավարումը փաստացի հանձնում է պարտատերերին։ Բայց ես ենթադրում եմ, որ Հայաստանում դեռևս նման իրավիճակ չի ստեղծվի։ Այո, պետությունը կարող է գնալ սոցիալական պարտավորությունների կրճատման, բայց առանց քաղաքական լուրջ ընդզվումների, և սա է մեր խնդիրը։ Մենք ավելի աղքատ կապրենք, բայց մեր արտաքին պարտավորությունները կսպասարկենք։ Մեր կենսամակարդակը շատ ցածր է, բայց մարդիկ, աղքատ լինելով, քաղաքական սուբյեկտ չեն դառնում, որ ըստ դրա քայլեր ձեռնակեն, իշխանություն փոխեն։ Սա մեր պետության հիմնական խնդիրն է եղել․ մենք աղքատ ենք ապրում, բայց չենք լարվում դրանից։ Իսկ նույն Հունաստանում քաղաքական լարվածություն առաջացավ, թեև մեզնից տասն անգամ ավելի բարձր կենսամակարդակ ունեին»։
Ի դեպ, Կարեն Ադոնցը արտաքին պարտքի մեծացման վտանգն այլ տեղ է տեսնում։
«Վտանգն այն է, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ։ Պարտատերերը, որպես պարտքերի փոխհատուցում, վաղը կարող են, օրինակ, Մեղրիի միջանցքի հետ կապված առաջարկություններ անել։ Այդ կտրվածքով կարող ենք խնդիրներ ունենալ։ Այսինքն, խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է, դրա համար էլ այդ պարտավորությունները մեզ հեշտ են տրվում»,-հավելեց նա։