Կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև ներմուծումների և արտահանումների ծավալների վրա: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարի, 2019 թվականի համեմատ, գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման և 17.5 տոկոս ներմուծման ծավալների նվազում։
«2020 թվականին մի շարք ուղղություններում կան նվազումներ, սակայն, կան նաև ուղղություններ, որտեղ դրական միտում է գրանցվել: Մասնավորապես, 2020-ին ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներն աճել են 1.3 տոկոսով: ԵԱՏՄ երկրներից ներմուծումները, արդեն 2018 թվականի համեմատ, աճել են մոտ 20 տոկոսով»,- նկատեց ՊԵԿ պաշտոնյան։
Անցյալ տարի հարկային եկամուտները թուրքական ապրանքների ներմուծումից 25 միլիարդ դրամ են կազմել։ ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետը, սակայն, դեռ վաղ է համարում ասել, թե Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքը հարկային եկամուտների կրճատման կհանգեցնի՞, թե՞ ոչ։
Ինչպես հայտնի է, 2020 թվականի դեկտեմբերի 31-ից Հայաստանն արգելել է Թուրքիայից ապրանքների ներկրումները։ Չնայած արգելքին՝ ասուլիսին ներկա ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտյոմ Կարապետյանը հայտնեց, որ արդեն թուրքական ապրանքների ներմուծման փորձեր եղել են, որոնք կասեցվել են: Սակայն, ՊԵԿ պաշտոնյաները վստահեցրեցին, որ գերատեսչությունը բավարար հնարավորություններ ունի` նման երևույթների դեմ արդյունավետ պայքարի համար։
Հավելենք, որ մինչև արգելքը Թուրքիայից ներկրվում էին հիմնականում հագուստ, ցիտրուսային պտուղներ, ալյումինե ձողեր և լվացող ու մաքրող միջոցներ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 6 ամսով Հայաստանն արգելել է Թուրքիայից ապրանքների ներկրումները։
Մանրամասները՝ տեսանյութում․