Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 19-ին ներկայացրել են մաքսային ոլորտում 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները:
Իրավիճակով պայմանավորված` 2019թ. համեմատ 2020թ.-ին թեև ներմուծումների և արտահանումների ծավալը նվազել է, սակայն, ըստ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանի, նվազումը եղել է ոչ բոլոր ուղղություններով.
«2019թ. համեմատ ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծումներն աճել են մոտ 1.3%-ով, 2018թ. համեմատ՝ մոտ 20%-ով, ինչը նշանակում է, որ աճի դինամիկան պահպանվել է անգամ ճգնաժամային տարում»,- հայտնել է Շարաֆյանը:
Մաքսային վարչարարության բարելավման, գործընթացների արագացման և դյուրինացման նպատակով ներդրվել է մաքսային վճարներն էլեկտրոնային եղանակով վճարելու պիլոտային ծրագիր:
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ ՀՀ մշտական բնակության տեղափոխված անձինք օգտվել են անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու արտոնությունից: 2021թ. հունվարի 20-ի դրությամբ հնարավորությունից օգտվել է մոտ 258 քաղաքացի: Տրամադրվել է շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դրամի արտոնություն:
Ֆիզիկական անձանց թույլատրվել է առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի միջազգային փոստային առաքանիներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներմուծել: Հնարավորությունից օգտվել է մոտ 1500 քաղաքացի։
Արտեմ Կարապետյանը հայտնել է, որ պարզեցվում է էքսպրես բեռների տեսքով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման համակարգը:
«Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են: Համակարգի ներդրումից հետո հնարավորություն կստեղծվի մեկ էլեկտրոնային հարթակի միջոցով դիմել արտաքին առևտրի պետական կարգավորման ոլորտում իրավասություններ ունեցող պետական մարմիններին և էլեկտրոնային եղանակով ստանալ թույլատրող փաստաթղթեր։
ԵԱՏՄ օրենսդրության համաձայն` այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների` ՀՀ ժամանակավորապես ներմուծվան առավելագույն ժամկետը 1 տարի է: Կորոնավիրուսի պատճառով փակ սահմաններով պայմանավորված՝ շատ քաղաքացիներ թույլատրելի ժամկետի լրանալու դեպքում անգամ չեն կարողացել իրենց ավտոմեքենաները դուրս հանել ՀՀ-ից:
Միևնույն ժամանակ Կարապետյանը հայտնեց, որ Լարսի անցակետն արդեն բաց է, սակայն կան կուտակված բեռնատարներ: Իր ունեցած վերջին տվյալներով՝ բեռնատարների թիվը եղել է 500: