Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է հայտերի ընդունում Սևանա լճի հանրային երեք լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ սա Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու հրամայականը կյանքի կոչելու օրակարգում կատարվող ամենակարևոր ու անկյունաքարային քայլերից մեկն է։
Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին (մասնակիցներին) սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սևանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր երեսունվեց ամիս ժամկետով՝ հանրային լողափերից յուրաքանչյուրի համար։
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունքում՝ մենք ունենալու ենք գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում, ինչպես նաև հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սևանա լճի ափին, հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ:
Որպես ձեռնարկատիրական գործունեությունից գոյացող լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի ՊՈԱԿ-ում համալիր ծրագրերի իրականացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։
Պետք է բարձր նշաձող սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքներում ներդրումային միջավայրի համար և շարժվենք այդ ուղղությամբ՝ մեկընդմիշտ անցյալում թողնելով հանրային լողափերի վերաբերյալ ներկայիս ընկալումները։