Նախորդ տարի առաջին կիսամյակում 2019-ի համեմատ հարկային և մաքսային եկամուտները նվազել են։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 2020-ի պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ 2020-ի առաջին կիսամյակի հարկային եկամուտները կազմել են 680 մլրդ դրամ, ինչը 2019-ի համեմատ պակաս է 33 մլրդ դրամով:
Ըստ ՊԵԿ պաշտոնյայի՝ նախորդ տարի նվազում է արձանագրվել նաև մաքսային եկամուտների գծով։
«Մաքսային եկամուտների նվազումը պայմանավորված է եղել ԱԱՀ-ի և մաքսատուրքերի հետ: Մաքսատուրքերը նվազել են, քանի որ նվազել են ավտոմեքենաների ներկրման ծավալները, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսատուրքից մեզ հասանելի վճարները: ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների նվազումը պայմանավորված է նրանով, որ որոշ ապրանքատեսակներ ներկրվել են ԵԱՏՄ երկրներից»,- բացատրեց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Ռաֆիկ Մաշադյանը հայտնեց, որ 2020-ի առաջին կիսամյակում նաև նվազել է պետական տուրքը։
Նրա պարզաբանմամբ՝ ցուցանիշների վրա ազդեցություն ունի նաև խաղատների կողմից պետտուրքի չվճարումը, ինչպես օդի տուրքի չվճարումը, քանի որ ավիահաղորդակցությունը գրեթե կանգնած է եղել:
«2020-ին 2019-ի համեմատ ընդհանուր առմամբ ունեցել ենք 79 մլրդ դրամի հարկային եկամուտների նվազում»,- հավելեց նա։