Այսօրվա Կառավարության հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսեց տնտեսական բնույթի կարևոր ու լավ լուրերով: Նա հայտնեց, որ պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով, և առևտրի շրջանառության ծավալներն առաջին եռամսյակի տվյալներով էական աճ են գրանցել: Ապա վարչապետը խոսքը փոխանցեց Պեկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, որն էլ առավել մանրամասն ներկայացրեց տնտեսական իրավիճակը: Նա ասաց, որ առևտրաշրջանառության ծավալով և կատարված գործարքների թվով մարտ ամսվա տվյալները ևս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճ են գրանցել՝ կատարվել է 8 647 000-ով ավելի գործարք, որը գումարային արտահայտությամբ կազմում է 122 միլիարդ դրամ, իսկ իրացման շրջանառությունը կազմում է 116,8 միլիարդ դրամ, հարկային հավաքագրումները սահմանված 305 միլիարդ դրամի փոխարեն փաստացի կազմել է 27,9 միլիարդ դրամով ավելի: Նշված փաստացի եկամուտների ավելացման հանգամանքից ելնելով՝ կանխատեսվում է, որ տարեկան եկամուտների ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 միլիարդ դրամով: Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր տնտեսվարողներին ու հարկային մարմինների ներկայացուցիչներին՝ բարեխիղճ աշխատանքի համար: