Մենք տեխնոլոգիաներում էինք անպաշտպան։ Մենք անպաշտպան էինք այնտեղ, որտեղ նախորդ տարիների ընթացքում հաջողություն ձևակերպելու ավելի մեծ հնարավորություն ունեինք։ Խոսելով 44-օրյա պատերազմին առնչվող խնդիրներից մեկի՝ օդում անպաշտպան լինելու հարցադրման մասին, 1in.am-ի եթերում նշել է ԲՏԱ նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը։
Խոսելով ռազմարդյունաբերության խնդիրներից, նա նշել է, որ ոլորտի զարգացումն, իհարկե, անժամկետ գործընթաց է, որովհետև գիտահետազոտական աշխատանքի հետ գործ ունենք։
«Ռազմարդյունաբերությունը գիտահետազոտություն է, որի արդյունքում դու ապահովում ես ուրիշներից մրցունակ լինելու դիրքերդ։ Եվ սա 21-րդ դարում հաջողության ու հաղթանակի միակ բանալին է»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ մեզ միայն ԱԹՍ-ներ չէ, որ պետք են։ Անդրադառնալով ռազմարդյունաբերությանն ու այնտեղ առկա խնդիրներին՝ նա ընդգծեց․
«Որպես ուղերձ և իմ պաշտոնավարման սկիզբ եմ սա նշում․ մենք պետք է շատ քիչ խոսենք այս թեմայի մասին։ Ցավոք սրտի, մեր մյուս թերությունն այն է, որ մենք այս թեման դարձրել ենք PR-ի, PR-վելու առարկա, ինչը լուրջ չէ։ Որևէ երկիր, որևէ լուրջ ռազմարդյունաբերական համակարգ այդպես չի անում։ Ավելին, եթե ուզում եք իմանաք, հանրային տեղեկատվությունը և իրականությունը նույնիսկ պետք է չհամապատասխանեն իրար ռազմավարական ու մարտավարական տեսանկյունից»,-ասաց նա։