Պատերազմում զոհվածների ընտանիքներին ավելի քան 3 միլիարդի վարկային պարտավորություններ են ներվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Չի բացառվում, որ թերացումներ կլինեն, որոնց հիմքում նաև տեղեկության ոչ պատշաճ փոխանցումն է: Գլոբալ խնդիրներ այդ առումով չկան»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով Արցախի տեղահանված բնակչության վերաբնակեցմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում, որոնք ունեն ավելի շատ բնակիչներ սպասարկելու հնարավորությամբ ենթակառուցվածքներ, նոր բնակելի տներ կկառուցվեն։
«Կառուցվել է մի քանի հարյուր կացարան։ Արցախի քաղաքացիների բոլոր սոցիալական պարտավորությունները պատշաճ կատարվում են»,- մանրամասնեց Առաքելյանը։
Ի դեպ, խոսելով Նորքի տուն-ինտերնատի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ բարձրացված աղմուկը տեղին չէր: Նախարարը բացառեց, որ այնտեղ բնակվող տարեցները կտեղափոխվեն այլ վայր, կամ որևէ խնամքի կենտրոն վաճառվի ու այլ նպատակով օգտագործվի: