Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2021 թ․ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների չափաքանակները։ Հարցն այսօր ընդգրկված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ըստ նախագծի՝ խնդիրն առաջացել է ՀՀ 2021 թ․ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու անհրաժեշտությամբ:
Ներկայացվող նախագծով առաջարկվող չափաքանակը նպատակ է հետապնդում կարգավորել բյուջեների կատարման գործընթացը։ Այն համապատասխանում է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված գնումների պլանի ցուցանիշներին: Նախագծում նշվում է, որ տվյալ բնագավառում ներկայումս տարվում է կանխիկի շրջանառության կրճատման կամ միջոցները բանկային վճարային քարտերով շրջանառելու քաղաքականություն:
Կարգավորման նպատակը ՀՀ պաշտպանության նախարարության գծով նախատեսված որոշ բյուջետային ծախսերի լիարժեք և արդյունավետ կատարումն է, մասնավորապես, ՀՀ պետական կարիքների համար ավիատոմսերի գնումը՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման հրապարակային օֆերտայով և «govtravel.am» համակարգով:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: