Կառավարության նիստում քննարկվող հարցերից մեկի ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով էր ներկայացվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր շարունակել ցեմենտի տեղական շուկայի իրավական կարգավորումները։
Դեկտեմբերին ՀՀ ԱԺ լիագումար նիստում նախագիծը չի հավաքել բավարար ձայներ և չի ընդունվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ ժամանակավորապես արգելել ԱՏԳ ԱԱ 2523 ապրանքային ծածկագրին պատկանող ցեմենտի ներմուծումը՝ հետագայում այն նոր օրենսդրական կարգավորումը տալու նպատակով:
Ներկայումս ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ցեմենտի ներմուծման նոր օրենսդրական առաջարկ, որը գտնվում է ՀՀ Ազգային ժողովի քննարկման փուլում։
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը: