Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.7 %, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ՝ 1.0 % գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.3 %, կահույքի և կահավորանքի՝ 0.4 %, տարբեր տեսակի կոշկեղենի, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.5 %, ոսկերչական զարդերի՝ 0.6 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.7 %, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.9 %, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.1 %, դեղագործական ապրանքների՝ 1.2 %, հագուստի՝ 1.5 %, մաքրող, լվացող միջոցների 2.0 % գնաճ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով։
Նախորդ տարվա համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 6.6 % և 17.1 %-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 5.4 % և 6.2 % գնաճ:
Հավելենք, որ մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.6 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.1 % հավելաճ: