Կլինկերի ներմուծման տուրքը մի փոքր կավելանա։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ օրենքը միտված է ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգելուն, լիցենզավորվող գործունեություն դարձնելուն և որոշակի տուրքով հարկելուն:
Նրա ներկայացմամբ՝ այս օրինագծի առաջին տարբերակն ուղղված է եղել ՀՀ տնտեսական պոտենցիալի պահպանմանը և Հայաստանում ցեմենտի երկու գործարաններն աշխատեցնելուն: Սակայն, այն չի ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
Կառավարությունն առաջարկել է 1 տ ցեմենտի համար սահմանել 25 հազար դրամ պետտուրք, կլինկերի համար` 9 հազար դրամ:
«Առաջինից երկրորդ ընթերցում մենք համաձայնել ենք ներկայացնել այն տարբերակը, որն իրենցն է և գործել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մեկ ճշգրտմամբ. մի փոքր կավելանա կլինկերի ներմուծման տուրքը»,- նշեց Քերոբյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ 2018-ին Իրանում ցեմենտի գինը մի քանի անգամ նվազեց, որն էժան էր նաև Հայաստանում արտադրված ցեմենտից:
«Տեղական արտադրողներին՝ «Արարատցեմենտ» և «Հրազդանցեմենտ» ընկերություններին պաշտպանելու նպատակով Կառավարությունն առաջարկեց պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար: Նախատեսվում էր 2020-ի դեկտեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում 6 ամսով երկարաձգել պետական տուրքը ներկրված ցեմենտի և կլինկերի համար, բայց բավարար ձայներ չհավաքվեցին: Ստացվեց, որ այս տարվա սկզբից ցեմենտ ու կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի»,- ասաց նա։
Թունյանի խոսքով` հանձնաժողովի նիստում մանրամասն քննարկվել է նախաձեռնությունը եւ որոշում է կայացվել, որ նախաձեռնության ընդունման դեպքում շուկայում մենաշնորհ կլիներ: Զեկուցողը տեղեկացրեց, որ հարցը հավելյալ քննարկվել է գործադիրում, համաձայնություն է ձեռք բերվել 1 տ ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ պետտուրք, իսկ 1 տ կլինկերի համար՝ 2 հազար դրամ:
Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Գևորգյանն իր հերթին մտահոգություն հայտնեց, որ ունենալով 2 գործարան, Հայաստանը չի կարողանում ստանալ ցեմենտ, որը կապահովեր ճանապարհաշինության որակը։ Պատգամավորն այս հանգամանքն աբսուրդ որակեց։