Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի արդեն ավելի լայն քննարկման։ Այս մասին «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Այդտեղ առանցքային դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման, կարելի է ասել միակ ճանապարհ, որովհետև մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացված արժեք և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:
Նա նշել է, որ փոխում ենք պատկերացումները:
«Մյուս տարի, կարծում եմ, արդեն պատրաստ կլինենք կրթության համակարգին ներկայացնել, թե տնտեսությանը ինչ աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից: Գաղտնիք չէ, որ հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և մեր նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն և ծառայեն մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարմանը»,-հավելել է Քերոբյանը: