ՀՀ ֆինանսական շուկաներում արձանագրվել է ռիսկերի աճ, փոխարժեքի արժեզրկում։ Այս մասին ԱԺ-ում Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս փաստեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Անդրադառնալով սպառողական շուկայում արձանագրված գնաճին՝ նա նշեց, որ ԿԲ-ն պատասխանատու է միջնաժամկետ գնաճի համար։ Ըստ նրա՝ միջնաժամկետն իրենց համար երեք տարին է։
«Մենք նպատակային թիրախ ենք համարում տարեկան մոտ չորս տոկոս գնաճը։ Կարող են լինել դեպքեր, երբ այն գերազանցի չորս տոկոսը, բայց մնացած տարիներին լինի ավելի ցածր»,- հավելեց նա։
Նա նկատեց, որ այս տարի բավական բարձր գնաճ ունենք, որը վաղուց չենք ունեցել։
Գալստյանը շեշտեց, որ 2014թ-ից ի վեր ԿԲ քաղաքականությունը միտված է ցածր գնաճային միջավայրի հաստատմանը։
«Մեր ունեցած այս 6 տոկոսը բավական բարձր է մեր հասարակության ընկալունակության տեսանկյունից, բնականաբար, մարդկանց հույզերն ու վրդովմունքը հասկանում եմ»,- ընդգծեց ՀԲ նախագահը։
Գալստյանի բնորոշմամբ՝ գնաճը պայմանավորող հիմնական գործոններն արտածին են.
«Մենք ունենք առաջարկով պայմանավորված գնաճ, որը, մեր գնահատականներով, կարճ ժամանակահատված է տևելու։ ՀՀ ներքին պահանջարկը բավականին թույլ է։ Ձեթի բարձր գնի հետ կապված նշեմ, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում ձեթի և համանման ապրանքների գները 80 տոկոսով աճել են։ Դրան ավելանում է ՀՀ-ում փոխարժեքի արժեզրկումը, և արդյունքում ստանում ենք այն գինը, ինչը հիմա կա»,- ասաց նա և հավաստիացրեց, որ ԿԲ-ն իր տեղում է և իր առջև դրված խնդիրը կատարում է։
ԿԲ նախագահի պնդմամբ՝ մյուս տարի վերադառնալու ենք գնաճի նպատակային թիրախին և գների կառավարելի աճ կունենանք:
Մանրամասները՝ տեսանյութում․