Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կապաշրջափակվի տրանսպորտային հաղորդակցությունը, կզարգանա առևտուրը, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունները զարգացման նոր հզոր ազդակ կստանան և մարդկանց մոտ կբարելավվի կյանքը:Այս մասին «Российской газета»- ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը՝ նա նշել է. «Հենց սկզբից գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ առողջ դատողության վրա հիմնված մոտեցում ենք որդեգրում: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ադրբեջանի և Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ բարդ են, բազմաշերտ: Շատերը սարսափելի վիշտ են տարել, լքել հայրենի վայրերը, կորցրել ամենամտերիմ մարդկանց: Այդ մասին միշտ հիշվելու է։ Այսօր կարևոր է այնպես անել, որ դժբախտությունը կրկին չվերադառնա մարդկանց տուն, իսկ դրա համար պետք է վերքերը բուժել, սովորել խոսել միմյանց հետ և միասին աշխատել ընդհանուր խաղաղ ապագայի ստեղծման ուղղությամբ: Այնտեղ ապրող մարդիկ ուզում են խաղաղ ապրել, մեծացնել իրենց երեխաներին և ուրախանալ թոռներով»:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ բանակցությունների բոլոր մասնակիցները ելնում են հենց վերոնշյալից:
«Բոլորն ուզում են ավելի լավ կյանք կառուցել իրենց ժողովուրդների համար: Հեռակա բանակցությունները փոխվարչապետերի մակարդակով սկսվել են 2021 թվականի հունվարին և բանակցությունների կլոր սեղանի շուրջ երեք պատվիրակությունները նստել են հունվարի 30-ին: Նախկինում երբեք նման հարցերն այսպես առարկայական չեն քննարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև: Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերը նման կարճ ժամանակահատվածում կնստեին բանակցությունների սեղանի շուրջ ՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և իրենց երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով։
Այս ամենը բանակցությունների ձևաչափն առանձնահատուկ է դարձնում և ընդգծում է պետությունների ղեկավարների կողմից առաջադրված խնդրի լուծումը գտնելու մասնակիցների ձգտումը։ Ի սկզբանե կարևոր էր գտնել ելակետ. Այդ երկու երկրների փոխհարաբերությունների նախորդ ամբողջ պատմական փորձը նման հիմք չէր տալիս, բայց այն գտնելու ձգտումը թևածում էր օդում։ Ոչ ոք չէր ցանկանում, որ բանակցություններն ավարտվեն՝ չհասցնելով սկսվել»,-ասել է նա:
Օվերչուկի խոսքով՝ նման մոտեցումը թույլ է տվել անցնել երկու երկրների միջեւ երկաթուղային եւ ավտոմոբիլային բոլոր հնարավոր երթուղիների քննարկմանը:
«Դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները։ Միաժամանակ լուծվում են Հայաստանից դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան Նախիջևանով շարժվելու խնդիրները։ Բացի այդ, Հայաստանը կարող է Կասպից ծովում ադրբեջանական նավահանգիստների օգտագործման հնարավորություն ունենալ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստան բեռների տեղափոխման համար: Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առարկայական քննարկում է ընթանում տարածաշրջանի ապաշրջափակման մասին։ Այս խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախացումից ի վեր փաստացի արգելափակված երկիր է»,-նշել է Օվերչուկը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելու հնարավորություն ունի միայն Վրաստանի տարածքով, որտեղ ելք կա դեպի ծովային նավահանգիստներ, իսկ Վերին Լարս միջազգային անցակետը միակ ցամաքային ուղին է դեպի Ռուսաստան:
Այս ավտոմոբիլային անցումը, Օվերչուկի խոսքով, սահմանափակ թողունակություն ունի և տարվա ընթացքում մի քանի շաբաթով փակ է լինում, ինչի հետևանքով կուտակվում են հարյուրավոր բեռնատարներ:
«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացումը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և բոլոր հարևան երկրների համար: Ընդ որում, Հայաստանը կվերածվի ոչ միայն կարևորագույն միջազգային տրանսպորտային հանգույցի, այլեւ կկարողանա ձեռնամուխ լինել սեփական արտադրության ավելացմանը, քանի որ հասանելի կլինեն սպառման նոր շուկաներ: Այս նոր կոնֆիգուրացիայում հիմնական շահառուները կլինեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Ռուսաստանն այդ հարցում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանն ու Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիները:
Նա հայտնել է, որ գարնանը երկու երկրների սահմանամերձ շրջաններում աշխատել են ռուս փորձագետներ. «Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ, գնահատել երկու երկրների միջև առևտրային փոխադրումների իրականացման հնարավորությունները։ Գնահատվել է ճանապարհների, երկաթուղային ճանապարհների, կամուրջների, խողովակների վիճակը, որոնք ընկած են ճանապարհների տակ։ Ցավոք, գրեթե բոլոր հնարավոր երթուղիները եկել են անպիտան, և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այդ փորձագիտական աշխատանքի արդյունքում կողմերը կարողացան նախանշել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հետագա քայլերը», – ասել է Օվերչուկը:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական ապարատներն ավելի քան երեսուն տարի եաշխատել են միմյանց դեմ: Նա այդ համատեքստում շեշտել է հանգուցալուծումներ փնտրելու, փոխզիջումներ գտնելու անհրաժեշտության մասին:
«Մարդկանց համար դա դժվար է, քանի որ նրանց վրա իրենց երկրների միջև հարաբերությունների նախորդող ամբողջ կյանքի և պատմության բեռն է դրված: Երբ այդ բոլոր լուծումները գտնվեն և Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են դրանք իրականացնել, ապա հնարավոր կլինի անցնել ճանապարհների վերականգնմանը և դրանից հետո վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը: Կարեւորը լավ ապագա տեսնելն է, և իհարկե կարևոր է, որ ոչ ոք հիմա չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի են բարդացնում առանց այդ էլ բարդ հարաբերությունները», -եզրափակել է Օվերչուկը: