«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը հայտարարությամբ է հանդես եկել։
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ գործում և իր շահերը պաշտպանում է բացառապես օրենքների և օրինականության շրջանակներում։ Այս անգամ ևս, արձագանքելով երեկ՝ 2021 թվականի հունիսի 15-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և նրա աշխատակիցների հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, տրված որակումներին ու հաշվեհարդարի սպառնալիքներին, դրանք գնահատում ենք որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք՝ այդ թվում զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդոր և այլն»,-նշվում է հայտարարության մեջ։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից հայտնում են, որ հերթական անգամ չեն տրվելու սադրանքների և չեն ներքաշվելու քաղաքական բանավեճերի ու գործընթացների մեջ
«Տեղեկացնում ենք նաև, որ ընկերությունը պատրաստվում է վերը նշված խախտումների վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել իրավասու պետական մարմիններին», – ասված է հայտարարությունում։