Հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարգարիտա Գևորգյանը։
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հուշագրի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր համայնքները և Սևան համայնքի Գագարին բնակավայրը ներառող տարածքի կայուն զարգացման մոդելային ծրագրի իրականացումն է՝ պետություն֊մասնավոր գործընկերության հիման վրա:
Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Ծրագրի հիմնական ուղղություններ են՝ մրցունակ կրթական էկոհամակարգ, որակյալ կենսամիջավայր, տնտեսական կայուն զարգացում։
Հուշագրի ստորագրումը պայմանավորված է ՀՀ-ում բնակության համար հարմարավետ, բնապահպանական առումով մաքուր և համայնքային զարգացման ժամանակակից մոտեցումների վրա հիմնված տարածքային կայուն զարգացման նոր մոդելի ներդրման անհրաժեշտության և տարածքային կայուն զարգացման ոլորտում պետության, համայնքի, մասնավորի, միջազգային հանրության, տեղական բնակչության և, առհասարակ, հասարակության լայն շերտերի ներգրավման կարևորությամբ։ Երկու կողմերը համակարծիք են, որ հուշագրի կնքումը և իրագործումը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը։
Հուշագրով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է նախաձեռնել կամ աջակցել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և/կամ արդիականացման և այլ հարցերով։
Հիմնադրամն իր միջոցներով ապահովում է ծրագրի շրջանակում ուսումնասիրությունների փուլում ներառված աշխատանքների իրականացումը։
Նախատեսված աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ։