ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 117 «կողմ» ձայնով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժեղացնել պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:
Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը: