Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կրկին անդրադարձել է շաքարավազի շուկային:
«Շաքարավազի շուկայում ոչ միայն արհեստական պակասուրդ, այլև առհասարակ պակասուրդ առկա չէ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:
Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում ոչ միայն արհեստական պակասուրդ, այլև առհասարակ պակասուրդ առկա չէ: Շաքարավազի ներմուծման գործընթացն ընթանում է բնականոն հունով, արդեն իսկ ներմուծվել են նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք: Հանձնաժողովի աշխատակազմը նաև կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել: Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է գների նվազման միտում:
Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է 366 դրամ: Հարկ է նշել, որ շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:
Հիշեցնենք, որ հանձնաժողովն օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ մի շարք ապրանքների, այդ թվում՝ շաքարավազի գների մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ: Հորդորում ենք արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանն ապակողմնորոշող մեկնաբանություններից: Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ: