ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նախարարության պատասխանատուների հետ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։
Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեր ողջ ջրավազանի գլխավոր գետերն ապահովում են ջրամբարների լցվածությունը, մինչև հուլիս ամիս ջրամբարների ջուրն է հանդիսանում ոռոգման աղբյուր, ինչը թույլ է տալիս ջրամբարներից ջուրն ավելի ուշ վերցնել։
«Այս տարի մայիս ամսից սկսեցին կտրուկ իջնել մասնավորապես Հրազդանը, Ախուրյանը, Արաքսը։ Դրանց ջրատվությունը կտրուկ իջել է։ Սա պայմանավորված է թե՛ եղանակային պայմաններով, թե՛ Արաքս-Ախուրյան թևի՝ հարևան Թուրքիայում նոր ջրամբարների կառուցման փաստով ու ջրի կառավարման մոդելի փոփոխությամբ»,- ասաց Պապիկյանը։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու է գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:
Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում, ճանապարհը կազմում է 27,5 կմ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնելու համար։
Գյումրի-Թալին հատվածում ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են, և ինչպես խոստացել են չինացի կառուցապատողները, սեպտեմբերին այս հատվածի մեկ կողմը շահագործման կհանձնվի։