ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Օրինագծով առաջարկվում է արտահանման տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի ապրանքային դասակարգիչների նկատմամբ:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ կառավարությունն առաջարկում է սահմանել այս պահին գործող շուկայական գների մոտավոր 15 %-ի չափով ֆիքսված արտահանման լիզենցիոն տուրք:
«Պղնձի գներն անցյալ տարվա 6000 դոլարի համեմատ այժմ 9200-9300 դոլարի սահմաններում են, իսկ մոլիբդենի գները՝ նույն ժամանակահատվածում 24 հազարի փոխարեն՝ այժմ 41 հազար դոլարի սահմաններում: Այսինքն՝ այս ավելացումը, ըստ էության, թույլ է տալիս, որ ավելացված հատվածի մի մասը մենք վերցնենք»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ մոտակա տարիներին պղնձի գները միայն բարձրանալու են։ Ուստի, կառավարությունն առաջարկում է պղնձի խտանյութի, մոլիբդենի և հարակից ապրանքների վրա լրացուցիչ արտահանման տուրք սահմանել մինչև տարվա վերջ՝ հաշվի առնելով, որ միջազգային շուկայում այս մետաղների գներն աճել են։
Նա նաև հավաստիացրեց, որ նախագիծը վնաս չի հասցնի հանքարդյունաբերողների գործունեությանը։