ԵԱՏՄ տարածքում առցանց աշխատանք գտնելու նոր հնարավորություն է ստեղծվել։ Հուլիսի 1-ից գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը։ Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։
Նա հայտնեց, որ հարթակը նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Այն որոնողական լայն հնարավորություններով լավ գործիք է ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ գործատուների համար:
«Առավելությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է ունենալ անձնական էջ տվյալ հարթակում՝ իր մասնագիտական հմտություններն ու որակավորումները հանրայնացնելու ԵԱՏՄ տարածաշրջանում»,-ներկայացրեց Անահիտ Պարզյանը։
«Աշխատանք առանց սահմանների» հարթակի առավելությունը կայանում է նաև նրանում, որ Հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրել կամ աշխատող գտնել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։
«Կապը քաղաքացիների և գործատուների միջև լինելու է ինքնուրույն, նամակագրության միջոցով: Քաղաքացինեըը հնարավորություն ունեն ինքնուրույն մի քանի այլ հարթակներում տեղեկություններ փնտրել գործատուի մասին»,- հավելեց Անահիտ Պարզյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված հարթակը նաև լավ հնարավորություն է նեղ մասնագետների գտնելու համար:
Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ թեև հարթակը նոր է, բայց արդեն ընդհանուր ԵԱՏՄ տարածքից 4 մլն աշխատանքի փնտրողի և կես միլիոն գործատուի մասին տեղեկություն կա: