Կառավարությունը ցանկանում է պետտուրք կիրառել պղնձի, մոլիբդենի և ֆերոմոլիբդենի արտահանման վրա։ Ի՞նչ ազդեցություն ու ռիսկեր կարող են լինել նախագծի կյանքի կոչման պարագայում։ Հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
Սուրեն Պարսյանը նախ նշեց, որ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է և հատկապես արտահանելի ճյուղը մեծ կախվածություն ունի հանքարդյունաբերությունից՝ մասնավորապես պղնձից, ոսկուց և այլն։
«Այս տարվա ընթացքում պղնձի, մոլիբդենի համաշխարհային գները էականորեն բարձրացել են՝ հաշվի առնելով հետճգնաժամային փուլը։ Մենք ունենք բավականին բարձր գին միջազգային շուկայում։ Հայաստանից պղնձի արտահանումը ձեռնտու է, երբ համաշխարհային շուկայում գինը 6000 դոլարից բարձր է, մինչդեռ, օրինակ, 2016-ին գինը 6000-ից ցածր էր»,- ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ պղնձի շուկան բավականին տատանումներով է զարգանում։
«Եվ այս առումով կարճաժամկետ մոտեցումները պղնձի դեպքում արդյունավետ չեն։ Կառավարությունը բերել է նախագիծ, որի միջոցով 15 տոկոս լրացուցիչ արտահանման տուրք է նախատեսում, որի նպատակը, ինչպես իրենք են ներկայացնում, պետական բյուջեի լրացուցիչ մուտքերն ավելացնելն ու ֆոնդ ստեղծելն է։ Նպատակը ընդունելի ու հասկանալի է։ Խնդիրը միջոցի մեջ է․ արդյո՞ք դա ճիշտ է իրականացնել տուրքի միջոցով, թե, օրինակ, ռոյալթիի կամ շահութահարկի պրոգրեսիվ եղանակով։ Տուրքի մոտեցումը բավականին կոշտ միջոց է։ Սա կարող է հանգեցնել արտահանման կրճատման։ Կազմակերպությունները կարող են իրենց արտահանումը նվազեցնել կամ արտահանման շուկաների փոփոխություն անել»,- ասաց տնտեսագետը։
«Կոշտ գործիք կիրառելով՝ կառավարությունը փորձում է գումար ներգրավել։ Այս իշխանության տուրքի հիմնավորման որոշումը հակասում է իշխանության նախորդ տարիներին որդեգրած քաղաքականությանը։ Հիմա հակառակ գործողություններն են անում՝ ավելացնում են հարկային բեռը։ Վերջին 2 տարիներին գործող իշխանությունների հակասական հարկային քաղաքականության գիծն ակնհայտ է։ Սա պայմանավորված է քաղաքական, սուբյեկտիվ և բյուջետային իրավիճակով։ Բայց իրենց հատվածական որոշումները ոչ թե ավելացնում են պետական բյուջեի մուտքերը, այլ խաթարում, եղածն էլ՝ կրճատում»,- ասաց տնտեսագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։