2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ․-ի մարտի 31–ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կանցկացվի «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը:
Համաշխարհային այս էքսպոն համարվելու է աշխարհի ամենամեծ և ամենահին իրադարձությունը, որին մասնակցելու է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ 6 ամիս շարունակ աշխարհի բոլոր երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի տակ՝ ներկայացնելով որպես պետություն իրենց գրավչությունները։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի և արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը: Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել են աջակցության փաթեթ և հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գույքի և ծառայությունների անվճար տրամադրում։
«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների և ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները և ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմաներով։
Ցուցահանդեսային 11 թեմատիկ շաբաթների ընթացքում Հայաստանն առաջադեմ տեխնոլոգիական աշխարհին կներկայանա իր պոտենցիալով, ներդրումային հնարավորություններով, ինչը նոր գործարար կապեր ստեղծելու և մշակութային ժառանգությունը գովազդելու իրական հնարավորություններ կարող է ապահովել։
«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020»–ի ընթացքում կազմակերպվելու է նաև «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլև ստեղծել բիզնես կապեր, գտնել օտարերկրյա գործընկերներ ու ներդրողներ։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է հայկական ապրանքների և հայկական խոհանոցի ցուցադրում, ինչպես նաև հատուկ նախատեսված վայրերում արտադրանքի վաճառք:
«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի տարբերանշանն առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ` որպես ինֆորմացիայի տարածման ժամանակակից միջոց: Տարբերանշանի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է` ՀՀ պետական դրոշի գույներով: