ՀՀ ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ օրենքի նախագիծը:
Օրիագիծն Ազգային ժողովի նիստում ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով:
Օրինագիծը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվություն փոխանակել, որը բխում է 2015-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրից:
Ի սկզբանե, ըստ համաձայնագրի՝ Տեղեկատվության փոխանակումը նախատեսված է եղել իրականացնել 3 փուլով. առաջին փուլը՝ 2018-ի հոկտեմբերի 5-ին, երկրորդը՝ 2019-ի հոկտեմբերի 5-ին և երրորդը՝ 2021-ի հոկտեմբերի 5-ին:
Ստորագրման պահին Հայաստանը ունեցել է վերապահում այն առումով, որ արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտնում դիվանագիտական խողովակներով պետությունների միջև փոխանակման և ներպետական համաձայնեցման բոլոր գործընթացներ իրականացնելուց և ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո։
Արձանագրությունով սահմանվում են այն ապրանքների խմբերը, որոնց վերաբերյալ պետք է լինի տեղեկատվության փոխանակում: Տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով, այսինքն՝ հանձնաժողովն է լինելու այն մարմինը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է տեղեկատվությունը փոխանակի Վիետնամի կենտրոնական մաքսային մարմնի միջև:
Նախատեսվում է, որ տեղեկատվությունը պետք է փոխանակվի մաքսային մարմնի կողմից այդ տեղեկատվությունը հայտնի դառնալու պահից սկսած 4 ժամվա ընթացքում: