Հաջորդ տարի ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Այդ մասին հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:
«Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,-ասել է նա:
Նա հավելել է, որ դիակիզումը ավանդական հուղարկավորությունից քիչ ծախսեր է պահանջում:
Իսկանդարյանը նաև նշել է, որ միայն Երևանում տարեկան 1.8 հա է հատկացվում գերեզմանոցներին, իսկ պաշտոնապես բոլոր 21 գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 530 հա է:
Նշենք, որ մայրաքաղաքում գործող 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:
Հավելենք, որ դիակիզարանների կառուցմանն անդրադարձել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ շարունակաբար մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար։
Նախարարը հույս է հայտնել, որ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ։