Այս տարի մոտ կես միլիոն ծառ կտնկվի։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Անտառվերականգնումը դյուրին գործ չէ, հսկայական աշխատանք է կատարվում մինչև տնկելը, այնուհետև 8-10 տարի ժամանակ է պետք, որպեսզի տնկիները պատշաճ խնամքի դեպքում անտառ դառնան»,- ընդգծել է շրջակա միջավայրի նախարարը։
Ըստ նախարարի գրառման՝ կես միլիոն ծառերի տնկումը նախավարժանք կլինի հաջորդ տարվա 10 միլիոն ծրագրին, որն էլ իր հերթին նախավարժանք կլինի մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:
«Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել»,- ընդգծել է Էրիկ Գրիգորյանը և միաժամանակ ծրագրին միանալու կոչ արել։