Սևանա լճից ջրի բացթողումները կարող են զգալիորեն աճել։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 6-ի նիստում հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ հաշվի առնելով ոռոգման ջրի դեֆիցիտը՝ առաջարկվում է 2021թ. լճից իրականացնել մինչև 245 մլն խմ ջրառ՝ հաստատված 170 մլն խմ-ի փոխարեն: Նախարարը նշել է, որ 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ խոշոր ջրամբարների լցվածությունը երկրում կազմել է 226,21 մլն խմ: 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակասուրդը կազմել է 125,77 մլն խմ: Նախորդ տարվա համեմատ Սևանից ոռոգման ջրի բացթողումները սկսվել են 10 օր շուտ։