Կառավարությունում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի թվայնացման օրակարգի և իրականացման տեսլականի վերաբերյալ: Այս մասին հաղոդրում է կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետ Փաշինյանը խորհրդակցության ընթացքում նշել է, որ թվայնացումը ՀՀ կառավարության առաջադրած կարևորագույն խնդիրներից է` լինելով վիճակագրության որակի կարևորագույն ցուցանիշ: «Կարևոր է ոչ միայն այն, որ առանձին գերատեսչություններ և ծառայություններ թվայնացված լինեն, այլև շատ ավելի կարևոր է, որ այդ թվայնացված համակարգերը փոխգործելի լինեն և մեկը մյուսի հետ աշխատեն»,-ասել է Վարչապետ:
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կլինի այն պետական մարմինը, որը կսահմանի ստանդարտները, փոխգործելիության սկզբունքները, բանաձևերը, և թվայնացումն ընդհանուր պետական համակարգում տեղի կունենա այդ տրամաբանության մեջ»,- հավելել է Վարչապետը` այն բավական բարդ խնդիր համարելով:
Իր հերթին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը զեկուցել է Հայաստանի թվայնացման օրակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ըստ նախարարի` կազմվել է ՀՀ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպումը: Նախարարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի կողմից թվային տեխնոլոգիաների կիրառման մասին, անդրադարձել պետական համակարգում թվայնացման հետ կապված խնդիրներին և թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին:
Ինչպես նշել է նախարարը, ներկայում պետական կառավարման մարմիններում իրականացվում է գործող թվային համակարգերի, հարթակների կիրառելիության գույքագրման գործընթաց, որի նպատակը դրանց փոխգործելիության ապահովումն է: