China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը նոյեմբերի 5-10-ը միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ գինեգործությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան և մասնակցեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։
Զարուհի Մուրադյանը հյուրերին ներկայացրել է հայկական գինեգործության ավանդույթներն ու նշել, որ հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր՝ համոզմունք հայտնելով, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցով հայկական գինու և կոնյակի արտահանման ծավալներն ընդլայնելու համար։
Համաձայն նախարարության տարածած հայտարարության՝ CIIE ցուցահանդեսը նախորդ տարի ունեցել է 2,462 գրանցված գնորդներ և 1,178 մասնակիցներ 82 երկրներից, կնքվել են 657 նախնական պայմանագրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 3,893 ձեռնարկատիրություններ շուրջ 170 երկրներից և տարածաշրջաններից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։