Աշխարհի ամենահեղինակավոր Lufthansa ավիաընկերությունը մտնում է հայկական շուկա: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն։
Նրա խոսքով՝ սա ՀՀ բնակիչների համար նոր հնարավորություններ կստեղծի, մասնավորապես, նրանք կարող են ճանապարհորդել 280 ուղղություններով աշխարհի 100 երկրներում: Համագործակցության շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկ կգա Հայաստան, որը կնպաստի տնտեսության զարգացմանը։
Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքմենստանում և Հարավային Կովկասում Lufthansa Group-ի վաճառքի գծով մենեջեր Ռենե Կոյնչակն էլ հավելեց, որ Lufthansa-ից մի քանի ավիաընկերություն արդեն չվերթներ իրականացնում է Հայաստանում:
Ավիաընկերության խմբի տարբեր ընկերություններ շաբաթական 16 չվերթ կիրականացնեն դեպի Երևան:
Սկզբում Lufthansa-ն մտադիր է շաբաթական երեք չվերթ իրականացնել Ֆրանկֆուրտից Երևան և հակառակ ուղղությամբ: Հետագայում նոր չվերթներ կիրականացվեն Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն, Միլան և Ֆրանկֆուրտ:
Ընկերության ներկայացուցիչները, Armenia Today-ի հարցին ի պատասխան, նշեցին, որ ավիատոմսերի գները մրցունակ են։
«Ավիատոմսերի գներն սկսվում են 399 դոլարից։ Իհարկե, ավիատոմսերի արժեքը կախված է ուղղությունից, 399 դոլարը երկկողմանի տոմսի գինն է և մատչելի է»,- նման կարծիք հայտնեց Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում Lufthansa Group-ի վաճառքների գծով տնօրեն Փիթեր Փուլեմը։
Մանրամասները՝ տեսանյութում։