ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, աշխատակիցների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի գումարներ վատնելու կամ յուրացնելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով 2018-2019 թթ. ընթացքում հարուցվել և ներկայումս քննվում է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ: Վերջիններս վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում գործող «Արարատ», «Արտաշատ», «Թալին», «Արագածոտն», «Կոտայք», «Լոռի», «Մարտունի», «Շենիկ», «Երևան», «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Ջրօգտագործման չարաշահումների պատճառով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 5,7 միլիարդ դրամ: