ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն հոկտեմբերի 14-ին ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) փոխտնօրեն Սերգեյ Շուլյակի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրին և բարձր գնահատել գործարանի ղեկավարության օպերատիվ արձագանքը և հետևողական մոտեցումն իր՝ Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղևորատար փոխադրամիջոցների մատակարարման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։
Կողմերը քննարկել են նաև ՀՀ համայնքները գյուղատնտեսական և բեռնատար տեխնիկայով ապահովելու գործում ՄԱԶ գործարանի հնարավոր ներգրավվածության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս արտադրանքը Հայաստանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի երկրներ արտահանման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի տրանսպորտային համակարգի արդիականացման նպատակով հանրապետության համայնքների պայմաններին համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավման հնարավորությունները։